Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները (ԵԹԿՊ) տարեվերջին մոմերով երթ էին կազմակերպել` ի հիշատակ 2013-ին կյանքից հեռացած արվեստագետների:
Ցավոք, 2014-ը նույնպես սկսվեց կորուստներով: Կյանքից հեռացավ նաև ԵԹԿՊ-ի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ:
«Մեծ ողբերգություն էր: Ինձ համար շատ մոտ մարդ էր, իր առաջին քայլերը մեր թատրոնում է արել, մինչև վերջ էլ միասին ենք եղել, հնարավոր չէ նրան մոռանալ,- irates.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը:- Նա շատ մեծ եռանդ ուներ, շատ մտքեր, ծրագրեր ուներ, շատ եմ ափսոսում, որ այդ ամենը կիսատ մնաց»:
Ռեժիսորը նշեց, որ Արմեն Մազմանյանը շատ հետաքրքիր դերեր է կերտել կամերային թատրոնում, ռեժիսորական առաջին աշխատանքը` «Գալիլեյ», նույնպես ներկայացրել է կամերայինում:
«Շատ լավ մարդ, շատ լավ դերասան, շատ լավ ռեժիսոր, շատ լավ մանկավարժ: ՈՒսանողները մինչ օրս իր անունով են երդվում,- այսպես բնորոշեց գործընկերոջն Արա Երնջակյանն ու հավելեց:- Նա գիտեր, որ ծանր հիվանդություն ունի, բայց այնքան էր այդ ամեն ինչին թեև վերաբերվում, որ, անկեղծ ասած, ես նույնիսկ մտածում էի` մի քիչ չափազանցված է հիվանդությունը: Նրա պահվածքը հիվանդ մարդու պահվածք չէր, մինչև վերջերս հանդիպում, զրուցում էինք ծրագրերի մասին, նա հեռանկարներ ուներ ու այնքան լավ ծրագրեր: Երկար կարելի է խոսել նրա մասին, բայց դժվարանում եմ...»:
Հավելենք, որ Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ